Երևանի Ն․ Վ․ Գոգոլի Անվան Հ․ 35 Հիմնական Դպրոց

Նորություններ

Գլխավոր

Նորություններ

«Ձեռնամարտ ի սեր Հայաստանի»

16.04.2010

13:58

2010-02-11թ. “Առավոտ” օրաթերթ ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Անցյալ տարի “Առավոտի” հունիսի 12-ի համարում տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով գրողի պատմվածքների՝ “Մարդկության տունը” խորագրով ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել էր դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը: Գրքում զետեղված էին Սարոյանի 1930-50-ականներին գրած այն պատմվածքները, որոնք նվիրված են դպրոցական կյանքին կամ որեւէ կերպ առնչվում են այդ թեմային: Ընթերցողի դատին հանձնվող նոր՝ “Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” գիրքն ամփոփում է Սարոյանի այն գրվածքները, որոնց մեծ մասը, ըստ Ա. Սարյանի, նախորդ ժողովածուի նյութերի հետ ունենալով բովանդակային ընդհանրություն, դուրս էին մնացել այդ ժողովածուից: Այնպես որ, “Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” ժողովածուն մասամբ կարելի է համարել “Մարդկության տունը” գրքի թեմատիկ եւ գաղափարական շարունակությունը: “Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” ժողովածուի բոլոր գործերը, բացառությամբ “Լորի” եւ “Պարոն Ֆլեմինգը եւ աշխարհի 7 հրաշալիքները” պատմվածքների, հայերեն լույս են տեսնում առաջին անգամ: “Ամենեւին զերծ լինելով “լավ թարգմանիչ” լինելու հավակնությունից՝ ասենք միայն, որ աշխատել ենք անել հնարավորը՝ մեր ուժերի ներածին չափով: Հայաստանում կան լավ թարգմանիչներ, որոնք, տիրապետելով լեզուների իմացության ավելի բարձր մակարդակի, ունենալով առավել մեծ փորձ ու տաղանդ, ցանկության դեպքում կարող են ընթերցողի սեղանին դնել նոր եւ որակյալ թարգմանություններ:Տողերիս հեղինակն իրեն համարում է ընդամենը մեկը, ով բարձր է գնահատում Սարոյանի ստեղծագործությունները...”,- գրում է Ա. Սարյանը: Գիրքը հրաշալի հնարավորություն է սարոյանական արվեստին վերստին հաղորդակից լինելու եւ կյանքի մասին խորհելու, մանավանդ, ինչպես Սարոյանի հերոսն է ասում. “Կյանքը կախված է յուրաքանչյուր մարդու տեսանկյունից”: Ու տա Աստված, յուրաքանչյուրի մոտ կյանքն այնպես դասավորվի, որ հակված չլինի մտածել “մարդու հավերժական չնչինության” ու “հզորության բացակայության” մասին: Գոհար Հակոբյան

Եթե ունեք հարցեր, զանգահարեք մեզ

+374 10 45 21 01