Երևանի Ն․ Վ․ Գոգոլի Անվան Հ․ 35 Հիմնական Դպրոց

Դպրոցի պատմությունը

Գլխավոր

Դպրոցի պատմությունը

Կենգուրուի «զգեստներով» և ոգևորությամբ

Այսպես դիմավորեցին հայ երեխաները «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:
Հայաստանում երեկ մեկնարկել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը այս առիթով երեկ հյուրընկալվել էր Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցում: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մրցույթում նորամուծություն են մտցրել. առաջադրանքները կազմել են երկու՝ հայերեն և ռուսերեն տարբերակով: Նրա խոսքով, ռուսերեն տարբերակով առաջադրանքները կազմելիս հաշվի են առել նաև հայկական դպրոցների տնօրենների մտահոգությունները. «Կան որոշ հայ երեխաներ, ովքեր ռուսերենին լավ են տիրապետում և նախընտրում են առաջադրանքները կատարել ռուսերեն: Այս կերպ մենք դպրոցականներին օգնում ենք ոչ միայն ամրապնդել իրենց մաթեմատիկական գիտելիքները: Սա նաև ռուսերենը քարոզելու ձև է: Գուցե ոմանք դպրոցն ավարտելիս կողմնորոշվեն կրթությունը Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերում շարունակելու հարցում: Ի դեպ, նշեմ, որ առաջիկայում Հայաստանում կգործի նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը»: 
Պարոն Կրիվոպուսկովի հավաստմամբ, Ա. Պուշկինի անվան դպրոցի օրինակով, թեստերի ռուսերեն տարբերակի կիրառումը մասնակիցների թիվը կրկնապատկել է. «Այս դպրոցում շատ առարկաներ դասավանդվում են ռուսերեն, սա նաև ապացուցում է, որ ռուսերենը Հայաստանում պահանջված լեզու է»: Նրա խոսքով, վերջին շրջանում երեխաները մաթեմատիկայով բավականին հետաքրքրված են. «Յուրաքանչյուր աշակերտ և ընտանիք հասկացել է, որ անկախ նրանից, թե ո՞ր պրոֆիլային դասարանում է սովորում երեխան, առանց մաթեմատիկական գիտելիքների՝ հնարավոր չէ կայանալ ցանկացած մասնագիտության մեջ»: Դպրոցի տնօրենի խոսքով՝ 1950 աշակերտներից այս տարի մրցույթին, նախորդ տարվա 31-ի փոխարեն, մասնակցելու ցանկություն է հայտնել 74-ը: 
Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Զուռնաչյան Քրիստինեն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցում է արդեն երկրորդ անգամ. նախորդ տարվա օրինակով, Քրիստինեն պատմեց, որ առաջադրանքներում ընդգրկված էին խնդիրներ, որոնք բարձր դասարաններում են անցնում. «Մեզ անծանոթ խնդիրներ էին: Դժվար էր, ես շատ հուզված էի ու վախենում էի, սակայն այս տարի հանգիստ եմ ու վստահ եմ, որ մեծ հաջողություններ կունենամ»: Քրիստինեի համադասարանցին՝ Հարությունյան Մերին էլ ասաց, որ նման մրցույթները զարգացնում են տրամաբանությունը, ուշադրությունը և ակտիվությունը. «Կարծում եմ, մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ գերազանցիկ լինելը, ավելի կարեւոր է արագ տրամաբանելը»: 
«Կենգուրու» մրցույթին առաջին անգամ մասնակցեցին նաև Երևանի Գոգոլի անվան դպրոցի աշակերտները: Դպրոցի փոխտնօրեն Գրետա Սարգսյանը «Առավոտին» փոխանցեց, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 165 աշակերտ: Այս դպրոցում մրցույթին առանձնահատուկ էին նախապատրաստվել, դպրոցի բակում երեխաները հավաքվել էին առավոտից: Կենգուրուի հագուստներ հագած, գունավոր փուչիկներով են նրանք նշել մրցույթի մեկնարկը: «Երեխաները երևի գիշերը չեն էլ քնել, շատ ոգևորված են, մասնակցում են բոլոր նրանք, ովքեր ցանկացել են ու իրենց տրամաբանությունը բարձր են գնահատել»,- հայտնեց նա: Տիկին Սարգսյանը կարևորեց նաև առաջադրանքների ռուսերեն տարբերակի ընտրությունը՝ նշելով, որ իրենց դպրոցը նախկինում ռուսական ուղղվածության էր և ռուսերենին լավ տիրապետող աշակերտներ շատ ունեն: 

Եթե ունեք հարցեր, զանգահարեք մեզ

+374 10 45 21 01